«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մեր հավերժախոս Մգրոն

Մեր հավերժախոս Մգրոն
27.11.2023 | 20:25

Համազգային զարթոնքի արշալույսին Օպերայի հրապարակում գարնան կենսաբեր որոտի պես մի առնական ձայն հնչեց, որի արձագանքները հասան աշխարհի բոլոր ծայրերը, ուր անգամ մեկ հայ էր ապրում:

Պատկանյանի «Հիմի է՞լ լռենք» երգը նրա խրոխտ ձայնով դարձավ ազատության զանգ, մարտակոչ, լցվեց մեր քարկապ հոգիները, քանդեց կապանքները:

Շատերը հատուկ գալիս էին Մգրոյին լսելու: Դա երգ չէր, այլ հիշողության կապանքները քանդող և արթնացումի լուսարար ցայգանվագ, որ աներևույթ գրկում էր զսպանակված հոգիները, հիշեցնում, որ թևերը ճախրելու համար են, որ ամեն ճշմարիտ հայ կարող է արթնացնել այդ երանությունը իր մեջ, եթե ինքնաճանաչումով նախ սլանա ակունքները, ճանաչի ինքն իրեն ու աշխարհը և ապա երկինք բարձրանա ճախրելու, ուր արծիվներն են թագավորում:

Մգրոն հատկապես ազգային երգով ու վաղնջական ծիսական պարերով հասավ իր ակունքներին, ճախրեց ու կարողացավ վեհության այդ զգացողությունը արթնացնել հոգում թաքուն ճախրանք ունեցողներին:

Մգրոն Օպերայի հրապարակում հրամանատար էր, զինվոր, Մարաթուկից իջած ռանչպար, իսկ նրա երգը ռանչպարի կանչ էր, որի մեծ քուրմը Խաչիկ Դաշտենցը եղավ:

1993 թվականի սեպտեմբերի 21-ն էր: Երևանում Սպայի տանը հանդիսավորությամբ նշվում էր Անկախության տոնը։ Ներկա էր Հանրապետության նախագահը, ողջ էլիտան։ Մգրոն ու ես նույն սեղանին իրար կողքի էինք նստած։ Կազմակերպիչներից մեկը հայտնեց, որ իր ձեռքի շատ հին կոնյակը օրվա ամենաթանկ նվերն է և այն մատուցվելու է նախագահին: Մեկ էլ Մգրոն իր հայտնի երգի առաջին տողը բարձրաձայն ասեց՝ «Հիմի է՞լ լռենք, եղբարք» ու մոտ կանչեց այդ կազմակերպչին՝ «Հլա էդ կոնյակը տուր տեսնեմ»։ Հանգիստ բացեց, նախ լցրեց իր բաժակը, հետո էլ իմը ու ասաց՝ «Դե հիմա տարեք լցրեք նախագահի բաժակն էլ, աշխարհ մեռնել կա»։

Կազմակերպիչն ապշահար նայում էր, չիմացավ ինչ անի, իսկ Մգրոն Անկախության կենացով չխկացրեց բաժակիս՝ դանդաղ, բայց հպարտորեն վայելելով չափից ավելի թանկարժեք սիմվոլիկ կոնյակը:

Երեք օր հետո Մգրոն մահացավ։

ՈՒ մինչև այսօր հիշում եմ նրա խոսքը՝ «Աշխարհ մեռնել կա»։ Իհարկե՛ մեռնել կա, բայց մահ էլ կա, որ ապրելուն հավասար է. չէ որ անմահները միշտ հրամայում են:

Մգրոյի «Մարաթուկ» անսամբլը ինչքա՜ն ազգագրական-ծիսական, ազատագրական և հայրենաշունչ երգեր ու պարեր արթնացրեց, մաքրեց հիշողության հոգևոր զարթոնքի շարժում սկսեց ու մինչև այսօր ապրեցնում է: Նա վաղուց մոռացել էր, որ գիտությունների թեկնածու է, լուրջ մասնագիտություն ունի, բայց ավելի լուրջը համարում է հայոց երգն ու պարը՝ մեր ամենակարևոր զենքերից մեկը:

Սուրբ Մարաթուկ վկա՝ կարոտի երգը գենետիկ թռչուն է:

Երգը կարոտի պես հանգիստ չունի, ճախրում է սար ու ձոր, իջնում է բրաբիոն ծաղկին ու խավրծիլին, ալիքվում ջրերին ու գնում միանում հավերժությանը:

Մգրոյենց ընտանիքում բոլորը երգում են, բայց նրա բեմական շարունակողն այսօր Գևորգ եղբոր թոռն է, դուստրը Արման որդու՝ տասնհինգամյա Անի Սարգսյանը, ով արդեն միջազգային բազում մրցույթների դափնեկիր է, «Փարիզի աստղերը» միջազգային փառատոնի «Գրանդ պրիզ» բարձրագույն տիտղոսին արժանացած:

Մգրոյի երգը Էրգրից է գալիս, Էրգրաշունչ է, Էրգրակարոտ ու Էրգրականչ: Այդ երգը չպետք է մոռացվի, լռի: Դա հատկապես Հայրականչ է, հայրենական տուն, որի անտուն զավակները օտար-ամայի ճամփեքին դեռ արդարություն են որոնում․․․

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 28634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ